Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ՀՀ նախագահի միակ թեկնածու Արամ Սարգսյանի կենսագրությունը, որից հետո Ազգային ժողովում ելույթ ունեցավ նախագահի թեկնածուն։
«Ուղիղ 10 տարի առաջ մեր ժողովուրդը ծանր մարտահրավերի բախվեց, որի ընթացքում ծանր կորուստներ ունեցանք։ Գիտեմ, որ ԱԺ-ն Մարտի 1-ի զոհերի հիշատակն այսօր հոտնկայս հարգել է։ Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս իրադարձության զոհերի հիշատակին»,–իր ելույթն այսպես սկսեց Արմեն Սարգսյանը ապա շարունակեց․ «Ինձ արվեց առաջարկ, որը հնարավորություն է տալիս ներդրում ունենալ մեր երկրի խնդիրները լուծելու համար: Սա ինձ համար մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն, որ մենք թեւակոխում ենք զարգացման մի նոր փուլ»:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին՝ իրեն առաջադրելու, «Ծառուկյան» խմբակցությանն ու Գագիկ Ծառուկյանին՝ իր թեկնածությանն աջակցելու, իսկ «Ելքի»-ին՝ կոնստրուկտիվ ու պրոֆեսիանալ քննարկումնների համար։
Արմեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ-ն այսօր ունի բանակ, որն իր չափանիշներով չի զիջում եվրոպական երկրների զինված ուժերին:
«Այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է, սակայն մենք կրում ենք այդ բեռն արժանապատվությամբ: 26 տարիները մեծ հաղթանակի տարիներն են: Մենք զգացիք հաղթանակի քաղցր համը: Մեր պետությունն այսօր ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաեւ բեւեռացած. ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն: Կան սահմանադրական փոփոխություններ, որոնք պատմական են»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը խոսեց նաև արտագաղթի մասին և նշեց, որ մեր դեպքում, ցավոք, արտագաղթը գերակշռում է ներգաղթին։ «Ժողովրդագրական այլ խնդիր էլ ունենք. այս 26 տարվա ընթացքում Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաքի, Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երևան, իսկ Երևանն էլ տնտեսական և զարգացման իմաստով՝ դեպի Երևանի կենտրոն։ Սա մեծ և կարևորագույն խնդիր է, որի նկատմամբ պետք է լուրջ ուշադրություն սևեռել։ Մեր հեռավոր, սահմանամերձ գյուղերը կարոտ են մեր ուշադրությունը, և ծրագրերը պետք է համասեռ բաշխվեն», - ասաց Արմեն Սարգսյանը։