Միջազգային հետախուզում է հայտարարվել «Մարտիկներ հանուն արդարության» խմբի ղեկավար Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
 
«Փետրվարի 26-ին Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ հետախուզում է հայտարարվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: 
 
Նշենք, որ անցյալ տարի դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Սասնա Ծռեր 2» խումբը նախատեսում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: 

Հիշեցնենք՝  2017թ. դեկտեմբերի 14-ին ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թ. սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

 

Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով:

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: