ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարում փետրվարի 28-ին կազմակերպվեց կամերային երաժշտության համերգային երեկո։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համերգային ներկայացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Համերգին ելույթներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Սուրեն Բագրատունին և դաշնակահար Կարեն Հակոբյանը՝ Հայդնի, Խաչատրյանի, Հովունցի և Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։
Համերգին ներկա էին ՄԱԿ-ում հավատարամագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: