Արդեն 26 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ անցկացնող կալանավոր Արկադի Պապյանի հարազատներն ահազանգում են՝ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. «Ծայրահեղ հյուծված է, հրաժարվում է դեղորայքից: Ճնշումը շատ ցածր է, իրեն շատ վատ է զգում, բայց չի պատրաստվում դուրս գալ հացադուլից»,- նշել են հարազատները։
Հակառակ հարազատների պնդումների՝ Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնից այլ բան են ասում: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՔԿՎ-ից հայտնեցին, որ Արկադի Պապյանի առողջական վիճակը բավարար է:
«Արկադի Պապյանը շարունակում է հացադուլը: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար և գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- փոխանցեցին ՔԿՎ-ից:
Չհամաձայնեցին նաև այն տեսակետի հետ, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի միջամտում Արկադի Պապյանի հացադուլին. «Նման բան չկա, քանի որ թե՛ աշխատակիցները, թե՛ հիմնարկի պետի տեղակալը պարբերաբար այցելում են նրան»,- ասացին ՔԿՎ-ից:
Նշենք, որ Արկադի Պապյանը պահվում է հացադուլավորների համար նախատեսված խցում: Նա այս ծայրահեղ քայլի միջոցով բողոքում է իրեն առաջադրված մեղադրանքի դեմ:
Վերջինիս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար։
Արկադի Պապյանը շուտով պետք է ազատվեր պատժից, սակայն այդ գործով նրան առաջադրվել է կաշառք տալու մեղադրանք և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2018-ի փետրվար 26-ին կաշառքի գործը վարույթ է ընդունվել:
Դատապարտյալ Արկադի Պապյանը հաշվառված է ՌԴ Կիսիլյով քաղաքում: Նա դեռևս 2012-ին, սպանության մեղադրանքով, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի, Արկադի Պապյանը մեղադրվել է ՌԴ Կեմերովոյի մարզում կատարված Ի. Նիկոնովի սպանության մեջ: