Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանն արդեն 4-րդ օրն է՝ հացադուլ է հայտարարել: Նրան մտահոգում է Արցախում ու, մասնավորապես, Քարվաճառում իրականացվող ՀԷԿ-ի շինարարությունը: Թե ինչ պահանջներ նա ունի, պահանջներից քանիսն են իրականցվել, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Քանանեանից:
«Իմ առաջին պահանջն այն էր, որ անհապաղ դադարեցվի բոլոր ապօրինի ՀԷԿ-երի շինարարությունը: Այդ պահանջն արդեն կատարվել է: Արցախի կառավարությունը հորդորել է շինարարներին դադարեցնել ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները: Հաջորդ պահանջն այն է, որ ամբողջ շինտեխնիկան հեռացվի շինարարական հրապարակներից և կենտրոնացվի հանրային և ոստիկանական հսկողության համար հարմար վայրում»,- ասաց նա:
Քանանեանը նշեց, որ պետք է նաև ստեղծվի հատուկ հանձնաժողով՝ լայն ներկայացուցչական կազմով, որը պետք է հանգամանորեն քննի բոլոր ՀէԿ-երի ոչ միայն տեխնիկական համապատասխանությունը՝ գործող բնապահպանական նորմերին, այլև՝ այդ ՀԷԿ-երի շինարարության հիմքում դրված ֆինանսական փաստաթղթերը, քանի որ շատ լուրջ կասկածներ կան, որ այդտեղ խոշոր կամ գերխոշոր կոռուպցիոն ռիսկեր են առկա:
«Միայն այս բոլոր պահանջները կատարելուց հետո ես կդադարեցնեմ հացադուլը: Բայց, եթե հանկարծ նրանք, թեկուզ շատ փոքր մասշտաբով, վերսկսեն աշխատանքները, ես նորից հացադուլի կանցնեմ: Ավելին՝ հրապարակային կոչով հանդես կգամ, որպեսզի Քաշաթաղի և Քարվաճառի բնակիչները սկսեն քաղաքացիական դիմադրությունը, որպեսզի նրանք իրենց ուժերով կանխեն Արցախի և ամբողջ Հայաստանի դեմ այս ոտնձգությունը»,- ընդգծեց նա:
Քանանեանը 19 տարի ապրում է Քարվաճառում ու նման իրավիճակի միշտ ականատես է եղել. «Անընդհատ բարձրաձայնել եմ խնդիրների մասին, որոնք, սակայն, լուծում չեն ստացել: Դեկտեմբերին տեսա, որ նոր 4 ՀԷԿ է կառուցվում, հասկացա, որ այսպես շարունակվել չի կարող»:
Նա շեշտեց, որ իր այս քայլը նախազգուշացում է և, եթե խելամիտ սահմաններում իր պահանջները չիրականցվեն, նա կդիմի այլ քայլերի:
Հարցին, թե այս օրերի ընթացքում Արցախի պաշտոնյաները հանդիպել, զրուցել են իր հետ՝ նա պատասխանեց. «Արդարության համար պետք է ասեմ, որ շատերը եկան ինձ մոտ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, բնապահպանության նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանը և ուրիշներ»:
Լուսինե Մարդոյան