Ո՞վ է եղել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատվիրատուն։ Այս հարցի պատասխանը թեկնածուն առաջարկում է գտնել՝ ուսումնասիրելով դեպքի մասին արված առաջին հայտարարությունը։
«Ասում են վիրավորվել է ուսից, ո՞ր սրիկան է առաջինն ասել այդ մասին, եթե գնդակը մտել է կրծքից և կանգ առել թևի տակ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունը տարածողը կապ ունի «տեռորիստների» հետ։
Գնահատելով նախընտրական քարոզարշավը՝ Հայրիկյանը նշեց, որ հունվարի 21-ից 31-ը իր վարկանիշի կայուն աճը արձանագրում էին բոլորը, նույնիսկ չկամեցողներն իր անունը նշում էին առաջին եռյակում։
«Հունվարի 31-ի մահափորձը ընտրապայքարից դուրս հանեց հիմնական թեկնածուներից մեկին։ Դա աշխարհի որևէ երկրում կզգաստացներ մյուս թեկնածուներին։ Մի խումբ մտավորականներ, ահաբեկչությանը հակադարձելով, համացանցում դիմեցին բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նրանց հանել իրենց թեկնածությունները։ Սակայն նրանք ամենայն հանգստությամբ, ասես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակում էին իրենց քարոզարշավը»,- ասաց նա՝ հավելելով, որ «շահեկան» իրավիճակ էր, թեկնածուներն, ըստ էության, դարձել էին սպանությունը պատվիրողների դաշնակիցը։
Վերջինիս խոսքով՝ միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց իր քարոզարշավը՝ այն էլ մեկ օրով։ Մյուս հիմնական թեկնածուներից մեկը գոհունակությամբ արձանագրեց, որ միայն փոխվել է իրավիճակը, մյուսն՝ ավելին արեց, կասկած արտահայտեց մահափորձի վերաբերյալ։ «Նրանք հավիտենական խարանի մեջ մտան իրենց այս պահվածքով»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ այս խայտառակ իրավիճակը կարող է շտկել միայն ժողովուրդը։ Գոնե նա պետք է ցույց տա, որ ինքն ահաբեկիչների հետ չէ։