Գործարար Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ տնտեսական հեղափոխության առաջին քայլը կատարված է․ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մուլտի Գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում տնտեսական հեղափոխության իրականացման հնարավորություններին:
 
Նրա խոսքով՝ դեռևս սեպտեմբեր ամսին, երբ «Արարատցեմենտ» գործարանը կանգնած էր փակման եզրին, իսկ քանի որ ամբողջ աշխարհում ցեմենտի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի, ուստի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հանձնարարական տնօրենների խորհրդին՝ առանց որևէ աշխատատեղի կրճատման, բացառապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, սարքավորումների արդիականացմամբ հասնել ցեմենտի այնպիսի գնի, որը, կպահպանի բարձր որակը, միևնույն ժամանակ գնային առումով շատ ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի ցեմենտի այլ գործարանների արտադրանքի արժեքը.
 
«Ինչպես հայտնի է՝ գործարանում աշխատում են հազարավոր աշխատակիցներ, ինչը ենթադրում է հազարավոր ընտանիքներ: Պարոն Ծառուկյանը խորհրդի նիստում հայտարարել է, որ սարքավորումների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ամբողջ ծախսը վերցնում է իր վրա և առաջիկա տարում որևէ շահույթ չի ակնկալում: Ծառուկյանի խոսքով, յուրաքանչյուր ոք պետք է դառնա տնտեսական հեղափոխության կրողը՝ իր խոսքը դարձնելով գործ: Փորձարկվող նոր տեխնոլոգիաներն արդեն իսկ ներդրվել են, արդիականացվել են գազայրիչները, բոցամուղը փոխարինվել է գերմանական արտադրության բոցամուղով: Տնտեսական զարգացման հիմնական խթանը, ինչպես գիտեք, շինարարությունն է, և հատկապես՝ բնակարանաշինությունը: Մատչելի ցեմենտ նշանակում է ցածր ինքնարժեքով բնակարաններ ու առավել մատչելի հիփոթեք: Այսօր համայն հայության ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա, և բոլորս ակնկալում ենք մեծ ներգաղթ: Արտագաղթած մեր հայրենակիցների զգալի մասը ժամանակին վաճառել են իրենց տներն ու հեռացել հայրենիքից, հաստատվել օտար ափերում և այս ընթացքում նրանց ընտանիքների կազմը ընդլայնվել է: Հայրենիք յուրաքանչյուր վերադարձողի առաջին խնդիրը բնակարանն է, իսկ երկրի տնտեսական առաջընթացի կարևոր հիմնախնդիրներից են հասարակական և արտադրական կառույցների շինարարությունը, ինչպես նաև՝ ճանապարհաշինությունը», - նշեց նա:
 
Առուստամյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը կատարված է, նոր տեխնոլոգիաները ներդրված են, Արարատցեմենտում արդիականացված են գազայրիչներն ու բոցամուղը. «Մուլտի գրուպ կոնցեռնը հույս է հայտնում, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատցեմենտ գործարանն ունի 110.000 ԿՎ 2 ենթակայաններ՝ կոնցեռնին կտրվի առավել մատչելի գնով հոսանք, քան գործող սակագներն են: 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ ԱԱՀ»,-  նշեց նա՝ հավելելով, որ այս քայլը, բնականաբար, մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ:
 
«Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը»,- եզրափակեց Մուլտի գրուպի տնօրենը: