Երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։
Ըստ տեղեկությունների, վիճաբանության ժամանակ Ողջաբերդ գյուղի բնակիչներ Ս. Պապիկյանը, Ա. Մուշեղյանը և Ս. Մուշեղյանը ծեծի են ենթարկել Ողջաբերդի համայնքապետ՝ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նրա կնոջը՝ 56-ամյա Լիանա Մելքոնյանին, և որդուն՝ 29-ամյա Նելսոն Մելքոնյանին, որից հետո կոտրել են համայնքապետի մյուս որդուն՝ Գ. Մելքոնյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիները։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Ողջաբերդի համայնքապետ Նորայր Մելքոնյանը՝ նշելով, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել իրենց համագյուղացիներից երկուսի հետ վիճաբանության հետևանքով:
«Մեր համագյուղացիներից մեկին պատկանող հողատարածը ցանկանում են ցանկապատել՝ ասելով, որ դա իրենց է պատկանում: Սակայն դա իրենց հողատարածքը չէ և իրենք որևէ իրավունք չունեն այնտեղ: Հերթական անգամ ես՝ որպես համայնքի ղեկավար, միջամտեցի և թույլ չտվեցի ցանկապապել այդ տարածքը, իրենք էլ վրդովվեցին, վիճաբանեցինք: Սկսեցին հայհոյանքներ հնչեցնել, որից հետո սկսեցին ծեծել ինձ, կնոջս, որդուս: Վնասեցին նաև մյուս տղայիս մեքենան՝ ջարդելով ապակիներն ու հայելիները»,- մեզ հետ զրույցում ասաց Մելքոնյանը:
Նա նշեց, որ իրենց ծեծողները դեռևս չեն հայտնաբերվել, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Սոնա Հարությունյան