Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, թե  տնտեսական աճի արդյունքներն ավելի շատ զգում է ունեւոր խավը, բայց այնպես չէ, որ չունեւոր խավն ընդհանրապես որեւէ արդյունք չի զգում: Անչափ նման է հանրապետական կուսակցության մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ աղքատների՝ կարտոֆիլի հանդեպ տածած մեծ սիրո մասին հայտարարությանը: Ստացվում է՝ այնպես չէ, որ որևէ արդյունք չի զգացվում. կարտոֆիլի գումար՝ ինչպես եղել է, այնպես էլ կա: Բայց պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ճիշտ ուղու վրա է:

Եթե իր լիակատար իշխանության 8 տարիների ընթացքում մարդիկ ավելի քիչ են ուտում, ապա եւս այդպիսի մի 8 տարի, ու ԱՎԾ-ն ստիպված կլինի արձանագրել, որ իշխանությունը հասել է իր նպատակին՝ մարդիկ միայն ու միայն կարտոֆիլ են ուտում: Մեր երկրում անգամ տնտեսության զարգացումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մասնավորապես՝ հարուստները կարող է ավելի հարստանան, կարծում ենք՝ չպետք է բացառել նաև հակառակը, որ աղքատներն ավելի աղքատանում են։ Եվ կա մի որոշակի մարդկանց զանգված, ովքեր գոյատևման համար բացարձակ չունեն  եկամտի այլ աղբյուրներ:

Երկրի կառավարման այն համակարգը, որն արմատացած է Հայաստանում, որևէ այլ արդյունքի բերել չի կարող: Տնտեսությունը գնալով ավելի է «օլիգարխանում», բիզնեսը գնալով ավելի է կենտրոնանում մարդկանց մի փոքր խմբի ձեռքին, կենտրոնանում է նաև այդ բիզնեսի բերած եկամուտը, ինչն էլ հանգեցնում է նման հետևանքների: Պետությունների կառավարման ժամանակակից` ժողովրդավարության, ազատականության, օրենքի առաջ հավասարության վրա հիմնված սկզբունքներով կառավարելու դեպքում, ինչպես ցույց է տալիս մարդկության փորձը, կստացվեր ճիշտ հակառակ պատկերը` աղքատներն էլ մի քիչ կհարստանային:

 

Ստելլա Խաչատրյան