Լուրեր կան այն մասին, որ առաջիկայում Կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում: Այդ փոփոխություններից մեկն էլ, ասում են, վերաբերելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանին, իսկ ավելի ճիշտ՝ նրա կողմից այժմ ղեկավարվող նախարարությանը. այն շուտով փակվելու է, լուծարվելու: Իհարկե, հարցը, թե ինչու են որոշել փակել Գաբրիելյանի նախարարությունը, որի միայն անվանումը, նկատենք, բավական խոստումնալից է թվում, միանգամայն այլ խոսակցության թեմա է, բայց հարցերը, որոնք առաջ են գալիս սույն նախարարության գործունեության հետ կապված պակաս կարևոր չեն. գլխավոր հարցը, թերևս, հնչում է հետևյալ կերպ՝ 2014-ից ի վեր ի՞նչ է Վաչե Գաբրիելյանը որպես նախարար հասցրել անել Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման ուղղությամբ:
Նախ, որպեսզի բոլորին հասկանալի լինի այս գերկարևոր հարցի պատասխանն ու դրա ստացման տրամաբանությունը, հարկավոր է հասկանալ, թե ի սկզբանե որն է եղել նմանօրինակ նախարարության ստեղծման բուն նպատակը. նպատակը Հայաստանի սահուն ինտեգրացիան էր Եվրասիական տնտեսական միությանը: Հետևաբար՝ տվյալ նախարարության էֆեկտիվության աստիճանը որոշելու համար նախ պետք է որոշել, թե այս ընթացքում ինչպես է տեղի ունեցել մեր երկրի ինտեգրացիան ԵՏՄ-ին, բայց որ ամենակարևորն է, ինչ է Հայաստանին զուտ տնտեսապես տվել այդ ինտեգրացիան, կամ որքանով ենք մենք կարողացել մեզ ընձեռնված հնարավորություններն օգտագործել:
Այս առումով բացասական վիճակագրության պակաս ուղղակի գոյություն չունի: Հայաստանն, առանց չափազանցության, տնտեսական ինտեգրման տեսանկյունից ամենախոցելի երկրների շարքերում կարելի է ներառել: Մի պարզագույն օրինակն էլ, թերևս, բավական է, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ մենք գործ ունենք իրականում:
Այսպես՝ ամենավերջին տվյալների համաձայն՝ դիցուկ՝ Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները ավելանալու փոխարեն նվազում են. 2017-ի առաջին կիսամյակում արտահանվել է 18.5 հազար տոննա լոլիկ այն պարագայում, երբ միևնույն ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմել էր 30 հազար տոննա: Հետարքրականն այստեղ այն է, սակայն, որ այս ոլորտում նախկինում ունեցած «փայլուն» ցուցանիշները, որոնք իբր նյութական արտահայտիչներ էին համարվում ԵՏՄ-Հայաստան փոխգործակցության արդյունավետության, հնարավոր է եղել ապահովել բացառապես Թուրքիայի Հանրապետության շնորհիվ. ռուս-թուրքական տնտեսական պատերազմի պայմաններում Հայաստանը թուրքական լոլիկի համար ծառայել է որպես անզուգական պլացդարմ՝մտնելու ռուսական շուկա: Այսինքն, եթե դատելու լինենք այս տարվա արդյունքներից, ստացվում է, որ Հայաստանից արտահանված լոլիկի ուղիղ կեսը եղել է թուրքական ծագման: Ճիշտ է՝ միգուցե ոմանք այստեղ ավելի շատ գյուղատնտեսություն կարող են տեսնել, քան միջազգային տնտեսական ինտեգրացիա, սակայն ակնհայտ է, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք:
Հարց՝ որքանո՞վ է Գաբրիելյանն իր նախարարությամբ իրական նպաստ հասցրել ԵՏՄ-Հայաստան փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:
Պատասխան՝ խիստ նվազ. կարծում ենք՝ եթե նույնիսկ այդ նախարարությունը բնության մեջ գոյություն չունենար էլ, ապա դրանից ասենք նույն թուրքական լոլիկի արտահանումը դժվար թե տուժեր: Հետևաբար՝ ենթադրելի է, որ երկիրն առանց այդ նախարարության էլ կկարողանար «յոլլա» գնալ:
Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկա տեղաշարժերը պայմանավորված լինեն նաև ասենք Կարապետյանի ցանկությամբ՝ խնայողաբար օգտագործելու պետական փողերն ու ավելորդ նախարարությունների վրա գումար չծախսելու: Նկատենք՝ միանգամայն հարգելի պատճառ...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ