Երեւանի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դատարանը դժվար թե կասկածի տակ առներ Արցախի բարձրագույն ղեկավարության հեղինակությունը և իր մերժումով շատ ավելի լուրջ խնդիրներ առաջացներ Հայաստանի իշխանությունների համար, քան կարող է առաջացնել Քոչարյանի ազատ արձակումը:
Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ Մարտի 1-ի գործը սկսում է քանդվել, դեռ ըստ էության քննության չառնված: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետը բազմիցս է հայտարարել, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է: Իհարկե, Քոչարյանի՝ ազատության մեջ հայտնվելը իշխանությունների համար պոտենցիալ վտանգներ է պարունակում՝ առաջին հերթին քաղաքական, քանի որ երկրորդ նախագահը անկասկած մտնելու է խաղի մեջ և ունենալու է մանևրելու շատ ավելի լայն հնարավորություն: Ինչպիսի քաղաքական դաշինք կձևավորվի Քոչարյանի շուրջ՝ դեռ վաղ է ասել, սակայն գործընթացի մեկնարկն արդեն իսկ տրված է: Փաշինյանին փողոցային ակցիաներ կազմակերպելուց զատ մնում է «քավության նոխազներ» գտնել, ում վրա կարելի է բարդել մարտիմեկյան գործի՝ նման ձախողումը:
Այդ դերում ամենահավանական թեկնածուն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, ով ժամանակին, հիշեցնենք՝ միջնորդում էր խորհրդարանին հենց Նիկոլ Փաշինյանին կալանավորելու համար, և միայն Կարեն Կարապետյանի շնորհիվ էր, որ Դավթյանի այդ պլանները ձախողվեցին: Փաշինյանը Դավթյանին պահել էլ հենց Մարտի 1-ի գործը գլուխ բերելու նպատակով, իսկ ինչ եղավ հետո՝ անչափ հուզիչ էր: Այսօր գլխավոր դատախազի գործողություններից բողոքում են բոլորը՝ ժուռնալիստների միությունից մինչև Քոչարյանի համախոհներ, ովքեր անձնական սպառնալիքներ են ստանում Դավթյանի անունից: Իսկ այն, որ գլխավոր դատախազի օրերը զբաղեցրած պաշտոնում հաշված են՝ կարելի է չկասկածել. Փաշինյանը չի զլանա և կհիշեցնի վերջինիս՝ անցած տարի խորհրդարան ներկայացրած կալանավորման միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը անցնում է պլան Բ-ին, իսկ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում, քանի որ իշխանություններին այժմ մեղավորներ են անհրաժեշտ «ջրոտ» գործից չոր դուրս գալու համար....