«Գյուղատնտեսական տարին անհարթ է, որովհետև եղանակային տատանումները երաշտի վտանգ են ստեղծում, որի համար արդեն զգուշացրել ենք գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ այգիներում համապատասխան միջոցներ կիրառելու: Կա մեծ ռիսկ հատկապես ծիրանենիների մասով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ամեն չորս տարին մեկ՝ մենք ունենում ենք լուրջ խնդիր»,-այս մասին այսօր ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
ԼՈւՐԵՐ.com-ը Հրաչ Բերբերյանին խնդրեց գնահատել Գյուղատնտեսության նախարարության գործունեությունը՝ մասնավորեցնելով հատկապես նախարարության կողմից իրականացվող սուբսիդավորման քաղաքականությունը. «Նախ, պետք է փաստել, որ սուբսիդավորման պահանջը դրեց ոչ թե Կառավարությունը, այլ Հանրապետության նախագահը: Ինչ վերաբերում է Գյուղնախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, ապա պետք է ասեմ, որ նրանք շատ դանդաղ են աշխատում: Գյուղնախարարությունը չունի համապատասխան մասնագետներ: Մենք ասում ենք մի բան և շատ երկար ժամանակ անց՝ գյուղնախարարությունը խոսում է մեր բարձրաձայնած խնդիրների մասին»,-ասաց նա:
Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ եթե պետությունը թույլ չտա ՀԷԿ-ին օգտագործել ջրամբարների ջուրը, ապա գյուղացիները կկարողանան իրենց այգները ջրել. «Ամեն տարի խաբում են, Սևանից ջուր են վերցնում: Կարծում եմ՝ եկել է ժամանակը պատասխան տալու»,-ասաց մասնագետը:
Բերբերյանի խոսքով՝ այն, որ գյուղացին այսօր թաղված է վարկերի տակ, գյուղերում մարդկանց 90 տոկոսը վարկի տակ է, դա նույնպես Գյուղնախարարության վարած սխալ քաղաքականության արդյունքն է. «Կառավարության հետ համատեղ պետք է դիմենք Համաշխարհային բանկին, և նախկինի նման 5-6 տոկոսով վարկեր հասցնենք գյուղացուն: Սակայն Կառավարությունը պետք է հսկի. գյուղացիական վարկով տաքսու սերվիս է ֆինանսավորվում: Սա է մեր խնդիրը»,-նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանում ԳՄՕ պարունակող բանջարեղենի արտադրությանը՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ Հայաստան են ներկրում սոյա՝ տարբեր անուններով՝ 10 հազար տոննա, որը օգտագործվում է խմորեղենի, երշիկի արտադրության մեջ. «Սոյան ԳՄՕ- է, որի մասին մենք լռում ենք, ա՛յ, այստեղ է պետք պատճառը փնտրել, ոչ թե Հայաստանի գյուղացուն մեղադրել ԳՄՕ-ով լոլիկ արտադրելու մեջ»,-նշեց Բերբերյանը:
Աղավնի Սուքիասյան