Ցանկացած գործ, որն իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ, պետք է լիարժեք քննության առարկա դառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդոք Մարտի մեկի գործով չպե՞տք է հարցաքննվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
 
Նա նշեց, թե գործերի քննության առումով տաբուներ չպետք է լինեն, սակայն ընդգծեց նաև, որ գործի նյութերին ծանոթ չէ: 
 
Հարցին՝ ո՞ւմ է նախորդ տարիներին ծառայել Գագիկ Հարությունյանը. իշխանությունների՞ն, Հարությունյանը պատասխանեց.
 
«Ես երբեք ոչ մի իշխանության նվիրված չեմ եղել, ես իմ գործն եմ արել: Մարտի 1-ը մեր երկրի ամոթալի էջերից է, բայց մենք շատ ավելի ողբերգությունների առաջ կկանգնեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին: Հակասությունների խորացումը միշտ հավաքում է կրիտիկական զանգված, կարող է բերել պայթյունների: Պետության կառավարման կարևոր քայլերից մեկն էլ դա հաղթահարելն է»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ինքը ծառայել է ժողովրդին ու պետությանը և խիղճը մաքուր է:
 
 
 
Գագիկ Հարությունյանը մի փոքրիկ գաղտնիք բացեց՝ ասելով, որ նույնիսկ դեպքեր են եղել, երբ իշխանության գլուխ կանգնած մարդիկ իր հետ ամիսներով չեն խոսել. «Մարտի 1-ից առաջ, երբ բարդ իրավիճակ էր, գիշերն ինձ լուր տվեցին, որ պայթյուն է սպասվում, լարվածությունը հասել է գագաթնակետին: Ես գնացի, հավաքեցի մարդկանց, սկսեցինք քննարկումները: Մինչև հաջորդ օրվա ժամը 16:00-ը ոչ մի արդյունքի չհասա: Զգում էի՝ իրավիճակն այնպիսին էր, ավտոմատները պատրաստ են, կամուֆլյաժները հագած և այլն, ու մարդիկ գնում են որոշակի գործողությունների: Իմ սկզբունքն այն էր, որ մի կաթիլ արյուն անգամ չի կարող արդարացնել ցանկացած բան, ցանկացած նպատակ, և պետության մեջ չպետք է լինի նախադեպ: Վերջում, որ տեսա չենք կարողանում կոնֆլիկտը հաղթահարել, ես բավականին զայրացած, կյանքում, որ որևէ մեկն իմ շուրթերից հայհոյանք չէր լսել, այդ օրը լսեց. ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե գնաք նման քայլի»,- վերհիշեց նա՝ շեշտելով, որ դեպքը եղել է հոկտեմբերի 27-ից հետո:
 
Տեսանյութը՝ armlur.am