Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները կախված չեն անձերից և դրանք ունեն ավելի լայն և համակարգային բնույթ․ «Եթե պետության նպատակն է այլ պետության հետ ունենալ բարի-դրացիական հարաբերություններ, դրանք չպետք է պայմանավորվեն ներքին քաղաքական զարգացումներով»,-ասաց Քոչարյանն՝ անդարդառնալով  հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահի ընտրություններից հետո Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կարձանագրվեն լուրջ փոփոխություններ։

Քոչարյանն անդրադարձավ Ռուսաստանում երեկ կայացած ընտրություններին և Հայաստանում իրականացված քվեարկություններին և նշեց, որ որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ երեկ հավաքվել էր մարդկանց բազմություն և բավականն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել մեր երկրում ապրող ՌԴ քաղաքացիներն այդ ընտրություններին։ 

 

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք բանակցությունների փուլում նոր զարգացումներ կլնեն, Քոչարյանը պատասխանեց․ «Բանակցային գործընթացն ունի առաջընթաց արձանագրելու նախապայման, որին պետք է հաջորդեն բուն բանակցային գործընթացները։ Իսկ այս պահին որևէ նոր բան չկա։ Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում են և՛ Վիեննայի, և՛ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»։

Հարցը՝ արդյո՞ք քննարկման առանցքում հինգ շրջանների հանձնումն է՝ հաշվի առնելով, որ «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, թե կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին, Քոչարյանին հունից հանեց․«Դե հերի՛ք է ադրբեջանական ցանկությունները տիրաժավորեք, եթե դրա մասին անընդհատ խոսում են Ադրբեջանից, դա հասկանալի է, իսկ երբ մեր լրագրողները դա դարձնում են մատի փաթաթան, դա չեմ հասկանում»,-բարկացած պատասխանեց ԱԳՆ փոխնախարարը՝ հեռանալիս ասելով, որ  հայտարարել կարող են ամեն ինչ, բայց ամեն հայտարարության չէ, որ Հայաստանը պետք է պատասխանի։ 

Լրագրողների վերջին հարցին էլ՝ ո՞վ է ապրիլից հետո նստելու բանակցային սեղանի շուրջ, Քոչարյանը չպատասխանեց, խորհուրդ տալով մի փոքր համբերել։