Պարբերաբար սոցցանցերում հրապարակվում և բուռն արձագանքի է արժանանում Երեւան քաղաքի Բաղրամյան փողոցի հետնամասում գտնվող հայտնի «Նոտարի» շենքի տանիքը, որտեղ տասնյակ տներ, կցակառույցներ, ձեղնահարկեր կան, անգամ երկհարկանի բնակելի տուն է կառուցվել բազմահարկ շենքի տանիքում: Այս փաստի շուրջ անգամ հումոր էր շրջանառվում՝ «փաստորեն, այս շենքի տանիքում տեղավորվել է մի ամբողջ գյուղ` իր բակերով, երկհարկանի սեփական տներով, չի բացառվում՝ նաև գյուղապետով»:
Եվ չնայած բազմաթիվ անդրադարձերին, քաղաքապետարանի կողմից այդպես էլ սպառիչ պատասխան չտրվեց՝ արդյոք կառուցապատողը նման շինություն կառուցելու համապատասխան թույլտվություն ստացե՞լ է, թե՝ ոչ, կա՞ օրինական ճանապարհ, որով քաղաքապետարանը կարող է այդ կառույցները քանդել, կամ շինությունները կարո՞ղ են ազդել շենքի ամրության վրա:
Տեղեկություն ստանալու համար ԼՈւՐԵՐ. com-ը հարցում ուղարկեց քաղաքապետարան, որին ի պատասխան՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացրին, որ Մ. Բաղրամյան 1-ին փակուղու հ.14 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքում կառուցված շինությունների համար Երևանի քաղաքապետարանը որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չի տրամադրել:
«Դրանք նույն շենքի վերջին հարկի բնակիչների կողմից շատ տարիներ առաջ կառուցվել են առանց համապատասխան թույլտվությունների, իսկ դրանց մի մասը ստացել են իրավական կարգավիճակ և որպես սեփականություն` տարբեր գույքային միավորներով, ունեն անշարժ գույքի պետական գրանցումներ»,- նշում են քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից:
Այստեղից տեղեկացնում են նաև, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2016 թվականին ուսումնասիրել է այս խնդիրը, որի արդյունքում ձևավորվել են որոշակի մոտեցումներ թե՛ քաղաքաշինական. և թե՛ ճարտարապետական առումներով հարցը կարգավորելու համար. «Սակայն, քանի որ այս դեպքում գործ ունենք բազմաբնակարան բնակելի շենքի հետ, որի տանիքը ՀՀ գործող օրենսդրությամբ հանդիսանում է նույն շենքի համասեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունն, ուստի այդ տանիքի հնարավոր վերակառուցումների կամ դրան միասնական ճարտարապետական ու քաղաքաշինական տեսք հաղորդելու հարցերը Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել՝ նույն շենքի շահագրգիռ բնակիչների կողմից ողջամիտ ու կառուցողական առաջարկներ ներկայացնելու դեպքում»,- նշում են քաղաքապետարանից:
Սոնա Հարությունյան