Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի խոսքով՝ Աստված լսեց իրենց՝ Հանրապետակների ձայնը, որի արդյունքը եղավ այն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի վարչապետի պաշտոնում. «Տեսա՞ք, Աստված մեր ձայնը լսեց, էլ չեք ընկնի գադալկաների հետևից»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Սերժ Սարգսյանը միայն հիմա է որոշում կրթել երիտասարդներին և փնտրել լիդերներ, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Էն ժամանակ ժամանակ չուներ»:
Հիշեցնենք, որ Tert.am–ի հետ զրույցում նախագահ Սարգսյանն անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Նախագահը նաև նշում է, որ իր հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են, և ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։