ՀՀ կառավարությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի ժամկետը երկարացրեց մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ըստ նախագծի հիմնավորման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է ընթացք տալ «Հայփոստ»-ի մասնավորեցման գործընթացին, ինչի շրջանակում քննարկումներ են իրականացվում միջազգային կազմակերպությունների հետ, և որը նախատեսվում է իրականացնել մինչև 1 տարվա ընթացքում:
Կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև 2016 թ. դեկտեմբերի 14-ին 9 ամսով կնքված «Հայփոստ»-ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը նախ երկարացվել էր 4 ամսով, հետո՝ ևս 2 ամսով: