«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը հետեւողականորեն նախապատրաստվում է ապրիլից լրատվամիջոցների առաջ փակել բոլոր դռները` այդպես Հայաստանում սահմանափակելով խոսքի եւ մամուլի ազատությունը:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծում գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու դրույթից հետո կառավարությունը, հանձին ՀՀ արդարադատության նախարարության, մեկ այլ նորամուծություն է հորինել: Հիմա էլ օրենսդրական հիմքեր են ստեղծվում, որպեսզի Երեւանի քաղաքապետն ավագանու նիստերին արգելի լրագրողների ներկայությունը: Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ սահմանված է, որ քաղաքապետարանում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են «Երեւանի ՏԻՄ նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակմամբ դիտելու եւ ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ»:
Օրենսդրական այս նախաձեռնությունը, թերեւս, պատական չէ: Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի ամոթալի նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկար փորձեց, բայց չկարողացավ սահմանափակել լրագրողների ներկայությունն ավագանու նիստերին: Այդ քայլին դիմելու համար նա չուներ իրավական հիմքեր: Եւ հիմա Դավիթ Հարությունյանը որոշել է օգնության հասնել կուսակցական գործընկերոջը` օրինագծում ներառելով լրագրողների դեմ իրավական սահմանափակումներ ենթադրող դրույթներ:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ իշխանությունները մտադրված են ապրիլից, երբ նոր Սահմանադրության պարագայում ձեւավորվի նոր իշխանությունը, սահմանափակումներ մտցնել լրատվական դաշտում` լրագրողների առաջ փակելով դռները. այդպես է ցանկանում ապագա վարչապետ Սերժ Սարգսյանը: Եւ հիմա կատարվում են նրա ցանկությունները: Մեկ նկատառում էլ. իշխանությունները միջազգային ասպարեզում հանդես են գալիս որպես ժողովրդավարության ջատագովներ, բայց իրականում ոտնահարում են ժողովրդավարական արժեքները, խոսքի ազատությունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: