«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանն առիթը բաց չի թողնում` կառավարության նիստերին դաշնակցական նախարարներին դիտողություններ անելու համար. հերթական միջադեպը երեկ էր, իսկ թիրախում հերթական անգամ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր:
«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որեւէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարո՛ն Մինասյան, հստակ ձեւակերպե՛ք»,-ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը Կարեն Կարապետյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ լարված հարաբերություններին անդրադառնալու առիթներ ունեցել է: Սակայն վերջին ամիսներին կարծես թե իրավիճակը մեղմվել էր, եւ Կարապետյան-Մինասյան բանավեճերը, որոնք ավելի շատ մեղադրական շեշտադրումներով էին հագեցած, դադարել էին:
Մինչդեռ երեկ կրկին ականատես եղանք նույն պատմությանը: Չի բացառվում, որ սա Կարեն Կարապետյանի պատասխանն էր օրերս ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ համատեղ նիստում ընդունված հայտարարությանը, որտեղ կոալիցիոն դաշնակցականները քննադատել էին նաեւ երկրի տնտեսական քաղաքականությունը: Եւ հիմա այս քայլով Կարապետյանը փորձում է ցույց տալ, որ ՀՅԴ-ական նախարարներն էլ իրենց հերթին են վատ աշխատում, եւ որ միայն ՀՀԿ-ն չէ ստեղծված իրավիճակի պատասխանատուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում