ՌԴ Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, հայեր կան։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախնական տեղեկություններով՝ տուժածների մեջ հայեր կան, առավել մանրամասն կհայտնենք քիչ հետո, երբ ամեն բան ճշտված լինի»,– ասաց նա։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։
Զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:
Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք 48-ն են: Մինչդեռ անհետ կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա: