ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո, որտեղ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է անցկացրել մարզի և քաղաքի ղեկավարության հետ: Իր խոսքում Պուտինը նշել է, որ ողբերգության գլխավոր պատճառը պաշտոնյաների հանցավոր անփութությունն է, ինչի պատճառով բազմաթիվ անմեղ զոհեր են գրանցվում: Խորհրդակցությունից հետո Պուտինն այցելել է բուժհաստատություններ՝ տեղեկանալու տուժածների առողջական վիճակի մասին:
Նախագահ Պուտինի այցի ժամանակ հայտարարություն է տարածել նաև ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Նա հայտարարել է, որ մարտի 19-ից ազդանշանը չի աշխատել, սակայն ոչ ոք այն չի վերանորոգել:
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվեն մինչեւ օրվա վերջ:
Հիշեցնենք, որ սոցցանցերի ռուսական տիրույթում երեկ մեծ աղմուկ էր՝ կապված Վլադիմիր Պուտինի անվան հետ: Ռուս օգտատերերը մեղադրում էին նախագահին, որ ողբերգության պահին չի ժամանել Կեմերովո՝ հետաձգելով բոլոր գործերը: Քննարկումներում նշվում էր, որ սգում է ողջ Ռուսաստանը, ավելի կարեւոր ի՞նչ գործեր կարող են լինել, քան տասնյակ երեխաների մահվանը վշտակցելը:
Նշենք նաեւ, որ համաձայն ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված որոշ տեղեկությունների, երեխաները առեւտրի կենտրոնի կինոթատրոններ էին ժամանել Պուտինի նախընտրական քարոզարշավի ժամանակ նվեր արված անվճար տոմսերով՝ որպես դպրոցական արձակուրդների անակնկալ: