Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, որով տեղեկացնում է, որ Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Ըստ հայտարարության՝ ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը նշեց, որ ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը մեր երկրում մի փոքր էլ ուշացած կարելի է համարել․ «Երբ մեր երկրում առկա է մեկ այլ երկրի ռազմական ուժ, որը չի ենթարկվում Հայաստանի իրավապահ մարմիններին, բնական է, որ պետք է ներդնել ռուսական ոստիկանության՝ թեկուզ փոքրիկ ստորաբաժանում, որը կվերահսկի այդ ռազմաբազան։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում բազմաթիվ դեպքեր են եղել և ամենավերջինը այդ մարդակերի (Պերմյակով խմբ․) կատարած քայլն էր, և չի բացառվում, որ մեր երկրում գործող այդ ռազմական միավորումը պետք է վերահսկվի և եթե ռազմական ոստիկանությունը լիներ, Պերմյակովի դեպքը տեղի չէր ունենա։ Սա անգամ ուշացած քայլ է, քանի որ մեր երկրում գործող ռուսական ռազմական միավորմանը վերահսկելը պարտադիր է»,-ասաց Վարդանովը՝ ընդգծելով, որ ոչ մի երաշխիք չկա, որ մենք ապահովագրված ենք ինչ-ինչ իրավիճակներից։
Խնդիրն այստեղ այն է, որ ստրագրվելիք պայմանագրում չպետք է լինեն կետեր, որոնք կվնասեն հայ-ռուսական ռազմական համագործակցությունը և խախտեն մեր ինքնիշխանությունը։ «Եթե Գյումրիում 102-րդ ռազմաբազայի առկայություննայդ տարածքը դարձնում է ուսական ֆորտ-պոստ, պետք է չստացվի այնպես, որ ռուս ոստիկաններն իրենց իրավասությունները տարածեն Հայաստանի սահմանների վրա։ Ես հիշում եմ մի դեպք, երբ ռուս սահմանապահները Հայաստանի ամենաանձեռնմխելի պաշտոնյաներին թույլ չէին տալիս մի տարածք մուտք գործել, որն, իրենց պատկերացմամբ, իրենք էին վերահսկում։ Նման դեպքերը բացառելու համար պետք է պայմանագիրը շատ ուշադիր կարդալ և հստակ տալ այն տարածքների սահմանները, որոնց վրա իրավասություն կունենան ռուս զինվորականները»։
Հարցին՝ եթե Հայաստանի ռազմավարական գործընկերը սեղանին դնի պայմանագիր, որի կետերը սահմանափակում են ՀՀ ինքնիշխանությունը, արդյոք հայկական կողմը կկարողանա՞ դեմ գնալ և թույլ չտալ նման ռազմական ստորաբաժանման տեղակայումը մեր երկրում, Վարդանովը պատասխանեց․ «Այդ ժամանակ, կարծում եմ, իշխանության հրահանգով մի քանի ձու կնետեն դեսպանատան պատին, ներքին կարգով կհրահրեն հասարակությանը՝ ռազբաբազայի դիմաց միտինգներ անել, կարճ ասած՝ մեր իշխանությունները կարողանում են հասարկության ընդվզում կազմակերպել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է»,-ասաց Վովա Վարդանովը։
Աղավնի Սուքիասյան