Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է կեղծ կտրոններ պատրաստելու գործով դատական վճիռը: Դատարանի դահլիճից ազատ է արձակվել այս գործի շրջանակներում կալանավորված՝ երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բարխոյանի փաստաբան Կարեն Սարդարյանը

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը լիովին ընդունել է մեղքը և ամբողջովին հատուցել հանցագործությամբ պատճառված վնասը:

 

Նշենք, որ գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան ազատազրկման էր դատապարտել, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել: Հավելենք՝ այս գործով արդեն մեկ տարի է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննություն էր ընթանում: Հարուցված քրեական գործով ինն անձի առաջադրվել էր մեղադրանքներ:

Այսպես, ըստ մեղադրանքի, գործով անցնող Արտյոմ Գալստյանն՝ ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում և զբաղվելով ապօրինի տպագրությամբ, ինչպես նաև տեղեկացված լինելով Հրաչ Մանգասարյանի կողմից խարդախության եղանակով` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների այլ անձանց իրացման միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակությունը կազմակերպելու մտադրության մասին, 2015թ. սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին վերջինիս հետ հանցավոր համաձայնության է եկել` նշված գործունեությանն օժանդակելու վերաբեյալ, և տպագրելով` իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձևաթղթեր, դրանք փոխանցել է Հրաչ Մանգասարյանին, յուրաքանչյուրի համար ստանալով պայմանավորված 1.000 ՀՀ դրամ գումարը: Այնուհետև, այն իրագործելով, ՀՀ տարբեր մարզերում խաբեության եղանակով պատճառել է առանձնապես խոշոր չափերի, նվազագույնը 10.650.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Ըստ Սամվել Բարխոյանին առաջադրված մեղադրանքի, նա՝ հանդիսանալով «Վիկտորիա-Արման» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից, շահադիտական դրդումներով, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպով կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 7.046.750 ՀՀ դրամ է ստացել:

Նշենք, որ մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր Սամվել Բարխոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ, 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձ և դատապարտել 5 տարվա ազատազրկման:

 

Հիշեցնենք, որ դեռևս 2016թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: 

Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

Սոնա Հարությունյան