ԼՈւՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այսօր, փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը և Կարեն Կիրակոսյանը, խոսելով վերջին օրերին իրենց կողմից խարդախություն կատարելու մասին տարածված տեղեկատվության մասին և պարզաբանելով ոստիկանության կողմից իրենց դեմ հարուցված քրեական գործի դրդապաճառները, ասացին, որ դեպքը կապված է իրենց հաճախորդներից մեկի հետ:
Փաստաբան Սիրունյանը բացահայտեց՝ խոսքը վեաբերում է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հորը՝ Սամվել Բարխոյանին, որին գումարի դիմաց ազատել են կալանքից:
«Տեխզննման կեղծ կտրոնների հայտնի գործով՝ 2016թ.-ին, մեր պաշտպանյալի եղբայրները՝ միլպետ Խորեն Բարխոյանն ու Ապրես Բարխոյանը դիմել էին մեզ, որպեսզի իրենց եղբոր պաշտպանությունը ստանձնենք: Երկու ամիս անց ԱԱԾ-ում քննվող քրեական գործով գրավ են կիրառում: Սամվել Բարխոյանին սեպտեմբերի 3-ին գրավով ազատում է դատարանը: Մենք կապվում ենք մեր պատվիրատու Խորեն Բարխոյանի հետ, ասում ենք՝ ազատեցինք ձեր եղբորը: Խորեն Բաթոյանը ինձ Սամվել Բարխոյանի երգիչ որդու՝ Վլադիմիր Բարխոյանի հետ ուղարկում է գրավի գումարը վճարելու, որ կարողանանք ազատել Սամվելին: Գնում ենք վճարում, ազատում ենք: Որոշ ժամանակ անց՝ նորից կալանավորում են Սամվել Բարխոյանին, և քանի որ գրավը ես եմ մուծել՝ դատարանը գումարը փոխանցում է ինձ:
Դրանից որոշ ժամանակ անց հայտնվում են Սամվել Բարխոյանի քույրն ու երկրորդ կինը և պահանջում են գումարը, մենք էլ ասում ենք՝ դուք չեք տվել գումարը. ինչո՞ւ եք պահանջում, թող գան այն մարդիկ, ումից վերցրել ենք, այսինքն՝ Խորեն Բաթոյանը, և առաջին կնոջ երգիչ որդին՝ Վլադիմիր Բարխոյանը»,- պատմեց փաստաբան Սիրունյանը:
Փաստաբան Կարեն Կիրակոսյանն էլ նշեց՝ քննչականը, փոխարենը քրեկան գործեր քննի, երազախաբ եղած՝ ընկել է փաստաբանների հետևից. «Մարդիկ ուզում են գումար շորթել: Իսկ քննչականը չի ասում՝ եթե գումար չեք տվել, ինչպե՞ս կարող եք պահանջել: Այս գործի աբսուրդը նրանում է, որ քննչական մարմինը հրաժարվում է իրականացնել օբյեկտիվ քննություն, որն իր պարտականությունն է»,- ասաց նա:
Նշենք՝ փաստաբանների նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ի հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել էր կեղծ կտրոններ պատրաստելու գործով դատական վճիռը: Դատարանի դահլիճից ազատ էր արձակվել այս գործի շրջանակներում կալանավորված՝ երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանը: