Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը բարեհաջող ընթացել և ավարտվել է: Այս մասին հավաքված լրագրողներին տեղեկացրեց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը:  «Շատ լավ ավարտվել է, հիվանդի ներկա վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին: Առողջականի համար երեխայի վնասվածքը հետևանքներ չի թողնի:Երեխայի ոտքը կպահպանվի, բոլոր նախադրյալները կան ասելու, որ ամեն ինչ կավարտվի շատ լավ»,- հավաստիացրեց Արա Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ բոլոր հիվանդները նորմալ վիճակում են: Առավոտյան վիրակապություններից հետո մյուս հիվանդները դուրս կգրվեն, իսկ 8-ամյա աղջնակը դեռ մինչև երկու շաբաթ կմնա հիվանդանոցում: Նրա վնասվածքն ամենամեծն էր 8 տուժածների թվում: Վնասվել էր նրա ազդրի վերին երրորդականը: Վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար՝ ոսկրը չի վնասել: Բոլոր տուժածների վնասվածքները բեկորային են:

 

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը: Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (16 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (14 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ: