ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պատերազմի վերսկսման քիչ հավանականություն է տեսնում, քանի որ, ըստ նրա, Բաքվի նպատակը լայնածավալ պատերազմը չէ: Նրա խոսքով՝ նախկին փորձը ցույց տվեց, որ բանակցային գործընթացում պատերազմը Ադրբեջանի համար հակառակ ազդեցությունն ունեցավ:
«Հայկական կողմը պահանջ ներկայացրեց, որ մինչև շփման գծում չդրվեն մեխանիզմներ, չենք բանակցի, ինչն ընդունվեց Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում համանախագահող երկրների կողմից: Իրենք այդ ժամանակ ստիպված էին համաձայնել, բայց ինչպե՞ս կարող էին իրականացնել: Արդյունքում ստացվեց այն, որ այսօր չկան բանակցություններ, և խոսքն այն ուղղությամբ է, թե ինչպես սկսել բանակցությունները, քանի որ կոնկրետ քննարկում դեռեւս չի գնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ պայքարը միայն Ադրբեջանի դեմ չէ, այլ ադրբեջանաթուրքական դաշինքի:
Անդրադառնալով 2016 թվականի պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարությանը՝ Վաղարշակ Հարությունյանն անիրավական համարեց այն հիմնավորումները, որոնք հնչում են այն կապակցությամբ, թե իբր Ռուսաստանն է հրահրել այդ պատերազմը:
«Սա իսկապես շատ հուզող հարց է մեր հասարակության համար, քանի որ իրականում մեր հասարակությանը ապակողմնորոշել են: Եկեք գնահատենք՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց բոլորը շատ լավ գիտակցում են, որ ՀԱՊԿ-ը չունի գործառույթ ղարաբաղյան ագրեսիայի դեպքում»,-ասաց Վաղարշակ Հարությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այստեղ շահագրգռված չէ պատերազմով: