Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
Ալեն Սիմոնյանն ասել է, որ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։
Ըստ մամուլի՝ նոր դեսպանը լինելու է ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանելով Երևանի՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը նշել է.
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը»:
Գալուզինը նշել է նաև, որ Ռուսաստանը գոհ է Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, քանի որ նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։
Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը դեսպան է 2022 թվականից։ Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, պարտությունից հետո՝ Պաշտպանության նախարար։ Նրա հրամանով էր հայկական զինված ուժերը դուրս եկել Սյունիքից՝ հնարավորություն տալով Ադրբեջանին տարածքներ վերցնել։