Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Աստանայում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Ի՞նչն է ստիպել «Հայաստանի ընտրված նախագահին» գնալ Ղազախստան։ Որքանո՞վ է Ղազախստանը հիմա կարևոր Հայաստանի համար։ Ու ինչո՞ւ մի բանի օր տևած այդ այցից հաղորդագրություն է տարածվում, որի միակ բովանդակությունը հայ համայնքի հետ մի քանի րոպե տևած ու բոլորովին անբովանդակ հանդիպումն է:
 
Իրականում այս «նեղ մաջալին» Ղազախստան կատարած այցն այնքան էլ տարօրինակ չէ: Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի Ղազախստանում մեծ ազդեցություն ունեցող Դարիգա Նազարբաևայի հետ, ով նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն է։ 2013 թվականին, Ուելսի արքայազն Չարլզի Հայաստան կատարած այցի ժամանակ, անձամբ Արմեն Սարգսյանի հրավերով՝ Դարիգան ևս Հայաստանում էր: Հենց Արմեն Սարգսյանն է խորհուրդ տվել Դարիգային՝ ստեղծել ղազախական մեդիա հոլդինգը, որն այժմ ղեկավարում է երկրի բոլոր հեռուստաալիքները, իսկ Արմեն Սարգսյանին պատկանում է դրա բաժնետոմսերի 5 տոկոսը: Նշենք նաև, որ 2002թ.-ից Արմեն Սարգսյանը հանդիսանում է Աստանայի ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, որի կազմկոմիտեի նախագահը նույն Դարիգա Նազարբաևան է։
 
Մարտի 2-ի քվեարկությունից հետո Արմեն Սարգսյանը փաստացի Հայաստանի իշխանության էլիտայի առանցքային ներկայացուցիչ է եւ, անկախ այն հանգամանքից, որ դեռ պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը, միանգամայն պատասխանատու է երկրում ընթացող զարգացումների, տեղի ունեցող իրադարձությունների համար, մանավանդ, երբ, այսպես կոչված, հանրային քարոզարշավի օրերին հասարակական տարբեր սեգմենտների խոստանում էր բոլոր հարցերի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումները: Սակայն այնպիսի տպավորություն է, որ նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանն անհետացել է, եւ երկրում կատարվող կարեւոր իրադարձությունները նրան չեն հուզում: Մինչդեռ ինքը՝ Սարգսյանը, մինչ պաշտոնն ստանձնելը կարծես թե «ինքնակամ աքսորի» տարբերակով փորձում է հնարավորինս հեռու մնալ այդ համակարգից, այլապես լավ պատկերացնելով, որ «չորրորդ հանրապետության» առաջին նախագահ լինելու իր շանսը էապես կնվազի: Նրա այդ շանսն ուղիղ համեմատական է լինելու իշխող համակարգից ունեցած հեռավորությունից: Իսկ մինչ այդ ավելի կարևոր գործեր կան՝ բիզնեսը չի սպասի...
 
 
Ստելլա Խաչատրյան