«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում կհամալրեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մի քանիսը: Հայրենիքի սահմաններն անսասան պահած մեր հերոս տղաները Երևանում ու մարզերում «կզինվորագրվեն» մշակութային ժառանգության պահպանության գործին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, նախաձեռնությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյաննին է: Երիտասարդներին աջակցելու հարցերը նախապես քննարկվել են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի հետ:
Ողջունելով երիտասարդներին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ակտիվություն է ակնկալում նրանցից: Նա խոսել է կազմակերպության գործառույթների, խնդիրների և հուշարձանի պահապանների պատասխանատվության մասին:
ՊՈԱԿ-ի տնօրենի' գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը մանրամասնել է այն աշխատանքը, որ կատարում են մարզային ծառայությունների պատասխանատուները:
«Հուշարձանների պահապանները շրջայցերի ընթացքում երբեմն արձանագրում են ոչ միայն հուշարձանի պահպանվածությունը, այլև տարածքում առկա կենցաղային աղբի փաստը: Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է հուշարձանի տարածքից աղբի մաքրումը: Այսինքն դուք պետք է համագործակցեք համայնքների ղեկավարների, մարզպետարանների հետ», - իր խոսքում ասել է տնօրենի տեղակալը:
Նա վստահեցրել է, որ ոլորտի նվիրյալների շարքերը համալրելու ցանկություն ունեցող երիտասարդները մշտապես կունենան ավագ ու փորձառու գործընկերների աջակցությունը:
Ապրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է զբոսաշրջության զարգացման ոլորտի ուսումնասիրություն ու վերլուծություն կատարել:
«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի շրջանավարտը հրաշալի տիրապետում է ոլորտին: Նա խոստացավ այդ ուղղությամբ աշխատել:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության մյուս անդամների հետ հանդիպում կկայանա առաջիկայում: ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատրաստ է աջակցել նաև նրանց: