2017 թվականի տարեկան աշխատանքների արդյունքներն են ամփոփվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը, զեկուցումներով հանդես են եկել մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները, ովքեր խոսել են հուշարձանների պահպանության ընթացքում ծագող խնդիրների' պահպանական գոտիների բացակայության, անճշտությունների, իրավախախտումների' գանձագողության ու գանձախուզության դեպքերի, Տեղական Ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 22 իրավախախտման դեպք' հատկապես Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում։
Մարզային ծառայություների պատասխանատուները խոսել են նաև առավել վտանգված հուշարձանների մասին: ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, հաշվետվությունները ընդունող հանձնաժողովի նախագահ Կարեն Փահլևանյանը ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել է ներկայացնել յուրաքանչյուր մարզից հրատապ վերականգնման կարիք ունեցող մեկական հուշարձանի տվյալներ:
Պահպանական գոտիների բացակայության պատճառով մարզային ծառայության աշխատակիցները դժվարությամբ են կարողանում կանխել հուշարձանների տարածքներում առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարական աշխատանքները: Որքան էլ տարօրինակ է' այդ ապօրինություններին երբեմն «նպաստում» են նաև համայնքների ղեկավարները, ովքեր հավասարապես պատասխանատու են մշակութային ժառանգության պահպանության համար: Հաշվետվություններն ընդունող հանձնաժողովի նախագահը հանձնարարել է առավել հետևողական ու զգոն լինել այդօրինակ խնդիրների նկատմամբ, օպերատիվ արձագանքել իրավախախտումներին, ակտիվ համագործակցել նաև իրավապահների հետ:
Նախնական տվյալներով ՊՈԱԿ-ի արգելոցներում և արգելոց-թանգարաններում 2017 թ. այցելուների թվի 50 տոկոս աճ է արձանագրվել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):
«Հաջորդ տարի Երևանում նախանշված է անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը: Այդ համատեքստում նախատեսված է հայերեն ու ֆրանսերեն ցուցանակներ տեղադրել Գառնիում, Զվարթնոցում և Ամբերդում: Թե քանի ցուցավահանակ կուղղորդի այցելուին արգելոց-թանգարաններից յուրաքանչյուրում կորոշվի հետո, սակայն, դրանք անպայման լինելու են նաև գիշերային լուսավորությամբ», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Հաշվի առնելով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ծանրաբեռնված աշխատանքը' ՊՈԱԿ-ի տնօրենությունը որոշել է համալրել աշխատակազմը: Նորամուծությունների շարքում կլինի նաև մուտքի մոտ արգելափակոցի տեղադրումը, ինչը կնպաստի արգելոց-թանգարան մուտք գործելու քաղաքակիրթ սպասարկման մշակույթի ձևավորմանը: Ուշադրության կենտրոնում կլինի նաև զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատանքը: Նշենք, որ «Գառնի»-ում ներկայում բարեկարգման աշխատանքներ են ընթանում:
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն այս տարի 16 000-ից ավելի այցելու է ունեցել: Մուտքն ազատ է, արգելոցն էլ ենթակառուցվածքների զարգացման խնդիր ունի: ՊՈԱԿ-ի տնօրենությունը տեղեկացրել է, որ այս առումով մոտեցող տարում հսկայական անելիքներ կան: 2018-ը մասշտաբային ծրագրերի իրականացման տարի է լինելու ՊՈԱԿ-ի համար: Գործադրի որոշմամբ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանների թիվն ավելացել է երկուսով'«Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցներով: Հաջորդ տարի նախատեսվում է, որ այս շարքը կհամալրեն «Բջնի» ու «Սմբատաբերդ» արգելոցները: Վերոնշյալ ենթակա ստորաբաժանումների, ինչպես նաև «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի համար զարգացման հեռանկարային ծրագրեր կիրականացվեն' ենթակառուցվածքների զարգացում, տոմսային տնտեսության ձևավորում և այլն:
«Անելիքները շատ են, համոզված եմ, որ թիմային աշխատանքի ու պատասխանատվության դեպքում անպայման հաջողություն կունենանք», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը:
Հայաստանի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը' «Զորաց քարեր»-ը տարվա ընթացքում 28. 000 այցելու է ունեցել: Բարեկարգված ճանապարհի դեպքում պատկերն այլ կլինի: Համաշխարհային բանկը պատմամշակութային արգելոցի հարակից տարածքում գալիք տարի նախատեսում է որոշակի ծրագրեր իրականացնել, սակայն, դրանում չի ներառվել դեպի հուշարձան տանող շուրջ 320 մետր ճանապարհի բարեկարգումը: Կ. Փահլևանյանը տեղեկացրել է, որ խնդիրը ՊՈԱԿ-ի տնօրենության ուշադրության կենտրոնում է:
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն էլ առաջարկել է ցուցանակ տեղադրել հուշարձանի տարածքում պեղված դամբարանի մոտ, ինչպես նաև դամբարանի համալիրի առկա վիճակը չխաթարելու նպատակով եզրաթելերով սահմանազատել այն:
«Զբոսաշրջիկների ուշադրությունից չի վրիպել նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որն այս տարի աչքի է ընկել բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացմամբ։ «Ես տիեզերքի մի մասնիկն եմ» կրթական ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններում աստղագիտությամբ հետաքրքրվողների համար աստղադիտումներ են կազմակերպվել։ «Մեծամորում» դպրոցականների համար իրականացվել է նաև «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագիրը, որը շարունակական կլինի:
Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել նաև մյուս արգելոցներում ու արգելոց թանգարաններում, մարզային ծառայություններում:
Ամփոփելով 2017 թ. իրականացված աշխատանքները ՊՈԱԿ-ի տնօրենությունը հստակ հանձնարարականներ է տվել՝ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուներին' ի հայտ եկած թերությունները շտկելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ուսումնասիրելու և որպես իրավախախտում արձանագրելու հուշարձանների պահպանական գոտիների հաստատումից հետո տարածքներում իրականացված հուղարկավորությունների դեպքերը: Հանձնարարվել է նաև հուշարձանների տարածքներում իրականացվող բարեկարգման, նաև' բուսածածկույթից մաքրման աշխատանքներին ներգրավել կամավորների:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների աշխատանքների մասին գնահատականները հաշվետվությունը ընդունող հանձնաժողովը կներկայացնի ՊՈԱԿ-ի տնօրենի հաստատմանը: