ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն ավելի վաղ հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարված ԱԺ հատուկ նիստի ընթացքում կայացել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությունը։ Նորընտիր նախագահն ընթերցել է երդման տեքստը, ապա հանդես էլ եկել ելույթով։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: