Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու․ «Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»,-ասաց Հարությունյանը։ 
 
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, իսկ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել․ «Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են», - ասաց նա:
 
Հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների»:
 
Նշենք, որ երեկ, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց ողջ կուսակցությունը միաբերան առաջարկել է վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի թեկնածությունը․ «Այլ անուն չի էլ քննարկվել և չէր էլ կարող լինեն»,-նշել է Շարմազաովը՝ ըստ էության՝ փաստելով նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի ասածի հակառակը։
 
Փաստորեն, ՀՀԿ ԳՄ երեկվա նիստն ապացուցեց՝ մեծ կուսակցությունում կարող է լինել միայն մեկ թեկնածուի անուն։