Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ընդդիմությունը պետք է որոշակի լիազորություններ ունենա, սակայն պետք է հստակեցվի, թե դրանք ինչ սահմանների մեջ պետք է լինեն: «Իհարկե որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, թեև չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի այդ լիազորությունը: Խնդիրը սահմաններն են: Այդ լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց ինչ սահմաններում' առանձին քննարկման հարց է: Այս հարցն արդեն քննարկման առարկա դարձել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, որ ընդդիմությունը կարևորում է Վերահսկիչ պալատում վերահսկողության լծակներ ունենալը Հարությունյանը նշեց, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ, բայց պետք է քննարկեն' այս փուլում իրենք պատրաստ են դրան, թե ոչ. «Այստեղ հարկավոր է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում, և շարժվենք ըստ այդմ»,- նշեց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նկատեց, որ խնդիրը ոչ միայն ընդդիմության մեջ է, և իր խոսքում հաստատ մեղադրանք ընդդիմության հասցեին չկար. «Ցանկացած «չկայացած» բառակապակցություն, որ ես օգտագործում եմ, վերաբերում է քաղաքական դաշտին և հավասարապես բոլոր կուսակցություններին: Մենք դեռևս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը. դա գաղտնիք չէ և նախագահի ելույթում էլ է հնչել այդ մասին»,- շեշտեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ 15-րդ համագումարի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարևորած երկբևեռ քաղաքական դաշտի կայացմանը, Հարությունյանն ընդգծեց, որ դա միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ և այստեղ խոսքը թերևս երկու տարբեր ուղղությունների մասին է, որոնք ներկայացված կլինեն կոալիցիայով, մի խումբ կուսակցություններով, բայց ակնհայտորեն կերևա, թե այդ որ երկու կուսակցական խմբերն են: Թեև ավելացրեց, որ դա չի նշանակում, թե որևէ կուսակցություն չի կարող մի բևեռից մյուսն անցում կատարել: