Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրանց արդյունքներին են անդրադարձել իսպանական լրատվամիջոցները: Բոլոր հրապարակումներում ընդգծվում են գրանցված տարօրինակ բարձր ցուցանիշերը, իրական ընդդիմադիր ուժերի ընտրություններին չմասնակցելը, քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ գրանցված միջադեպը:
Մասնավորապես, աշխարհում ամենախոշոր իսպանալեզու լրատվական գործակալության՝ EFE-ի անդրադարձում, որն արտատպել են տասնյակ իսպանական պարբերականներ, ասվում է. «Այս հաղթանակով, Ալիևը, ով իշխանությունը ժառանգություն է ստացել հորից՝ Հեյդարից, կմնա իշխանության ևս 7 տարի: Ալիևները ստեղծել են հետխորհրդային պատմության մեջ առաջին նախագահական դինաստիան, որը հիշեցնում է Կիմերինը՝ Հյուսիսային Կորեայում»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմային լայնորեն անդրադարձել է նաև La Vanguardia հեղինակավոր պարբերականը, որն իր «Իլհամ Ալիև. Ադրբեջանի միապետը» հոդվածում մասնավորապես ասում է. «Ժառանգությամբ նախագահ դարձած Ալիևը «հաղթում» է իր չորրորդ ընտրությունը: Հոր մահից հետո նախագահությունը ժառանգած Իլհամ Ալիեևն արել է ամեն հնարավոր բան՝ իշխանության գլխին մնալու համար: Եթե խորհրդային Ադրբեջանի ղեկավար և հետագայում անկախ Ադրբեջանի աներկբա առաջնորդ Հեյդար Ալիեևը իշխեց կովկասյան այս երկիրը 35 տարվա ընթացքում, ապա նրա որդին շարունակում է նույն ուղին: Ընտրական հանձնաժողովը նրան երեկ ճանաչեց չորեքշաբթի տեղի ունեցած ընտրությունների հաղթող՝ հաշվված 65% ձայների 86%-ով:
2003թ.-ին Ալիևի ժառանգությունը նյութականացավ ճնշումների մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում: Նա կրկին հաղթեց և՛ 2008թ.-ին, և՛ 2013-ին՝ անընդմեջ երկու անգամից ավել ընտրվելու սահմանափակումը վերացնելուց հետո: Վերջապես, 2016թ.-ին նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը փոխարինվեց 7 տարով: Ուստի, նրա «գահակալումը» կձգվի մինչև առնվազն 2024 թվականը: Հիմա Իլհամ Ալիևը 56 տարեկան է:
Այս անգամ ընտրությունները վաղաժամ անցկացվեցին. հոկտեմբերի 17-ի փոխարեն դրանք տեղի ունեցան ապրիլի 11-ին: Պաշտոնական հիմնավորման համաձայն, դա նպատակ էր հետապնդում 2025թ.-ին խուսափել խորհրդարանական և նախագահական ընտրությունների համընկնումից: Ըստ քննադատների, փոխարենը դա միտված էր նրան, որ ընդդիմությունը ժամանակ չունենար քարոզարշավ կազմակերպելու: Արդյունքում, երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին բոյկոտել ընտրությունները: Ալիևը մրցում էր այլ 7 թեկնածուի դեմ, սակայն նրանցից բոլորը, բացառությամբ 1-ի, արտահայտվեցին նախագահի ձեռքբերումները ճանաչելու վերաբերյալ:
Երբ 15 տարի առաջ Իլհամ Ալիևը ստանձնեց նախագահությունը, նա համարվում էր ուրիշների հաշվին ապրող, կնամոլ և խաղամոլ անձ, ով, ենթադրաբար, մեծ գումարներ էր տանուլ տվել թուրքական խաղատներից մեկին այն ժամանակ, երբ աշխատում էր նավթային ազգային ձեռնարկություններից մեկում: Նրան նաև համարում էին վերին աստիճանի ինքնասիրահարված անձ: Այդ մասին La Vanguardia.com-ին տեղեկացրեց մի անձ, ով Մոսկվայում Ալիևի հետ ուսանել էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Միգուցե հենց այդ բնավորության գծի շնորհիվ նա կարողացավ իր հոր ստեղծած բյուրոկրատական և առուքավաճառքի վրա հիմնված ապարատում իր համար ճանապարհ հարթել և միաժամանակ առաջ տանել իր վստահությունը վայելող անձանց:
Ադրբեջանի ռեժիմը «ավտորիտար» համարվող ռեժիմներից է, իր բոլոր հատկանիշներներով հանդերձ՝ քաղաքական հետապնդումներ, ամենուրեք «ականջներ», մամուլի ազատության բացակայություն»: