ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ մոտիկից հետևում են Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող ակցիաներին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»,-նշվում է պետդեպի արձագանքում:

 

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ  Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել  բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Ապրիլի 18-ին նա կրկին գնացել է Ֆրանսիայի հրապարակ և փակել այն: