Եթե խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա Հայաստանի ներսում վիճելի հարցերի ազդեցության մասին, ապա խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ հանրապետության ղեկավարության հայտարարությունների ընկալման մասին է։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և խաղաղ զարգացմամբ։
«Երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական երկխոսության վրա այս գործընթացների ազդեցության հնարավորությանը, խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է»,֊ ասել է Զայցևը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման միջոցով։ Բացի այդ՝ Մոսկվան աջակցում է կողմերին խաղաղ համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերում։