Սերժ Սարգսյանն արդեն լծվել է իր նոր թիմի ձևավորմանը, նոր, սակայն, այդ թիմը չես անվանի: Իրականում, թեև Սարգսյանը անչափ ակտիվ և բուռն կադրային նշանակումներ է անում, պետք է արձանագրենք, որ ականատես ենք լինում մեկ պաշտոնից մյուսին՝ պաշտոնյաների «թռչկոտմանը», տեղափոխմանը, դրանից, սակայն, քաղաքական համակարգի որակն ու բովանդակությունը որևէ կերպ չի փոխվում:

Փողոցում հավաքված քաղաքացիներն այսօր պահանջում են մի բան՝ համակարգային փոփոխություններ: Որևէ մեկը չի ենթադրում, որ Սերժ Սարգսյանի հեռանալու և համակարգը այս վիճակում պահպանելու դեպքում հասարակությունը կարող է իր մաշկի վրա զգալ դրական փոփոխություններ՝ քանի որ խնդիրը բոլորովին էլ Սարգսյան անձի մեջ չէ: Հասարակության այս պահանջը չբավարարելն այդ նույն համակարգի համար հղի է լրջագույն վտանգներով, մասնավորապես՝ սոցիալական բունտով, որի նախանշաններն արդեն իսկ առկա են և չնկատել դրանք՝ պարզապես քաղաքական անհեռատեսություն կլինի: Հենց սոցիալական բունտի դեպքում է հասարակությունն ընկալում, որ ինքը պետական մեքենայի վրա լծակներ ունի, որոնք ավարտվում են սոցիալական երաշխիքների ապահովմամբ եւ կենսամարդակի անմիջական բարձրացմամբ:

 

Ի դեպ, ի տարբերություն հեղափոխության՝ սոցիալական բունտն ի զորու է հաղթանակի դեպքում ապահովել հասարակական կոլեկտիվ գործողությունների անմիջական արդյունք, քանզի հեղափոխական շարժումները երկարաժամկետ եւ անորոշ վերջաբանով գործընթացներ են: Ինչպես երևում է իրադարձությունների զարգացումից՝ այս ամենը գնալով նմանվում է հենց սոցիալական բունտի, այլ ոչ թե քաղաքական պայքարի: Փշալարերից այն կողմ հավաքված քաղաքացիները շատ լավ գիտակցում են, որ ստատուս-քվոյի պահպանման դեպքում աղքատներն էլ ավելի են աղքատանալու, հարուստները՝ էլ ավելի են հարստանալու: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանի, Հայաստանի մյուս քաղաքներում՝ թերևս հասարակության վերջին շանսն է՝ փոխել հաստատված բալանսը՝ ի օգուտ իրեն:

 

Ստելլա Խաչատրյան