2008-ին, երբ ի թիվս այլոց, մարտի մեկի գործով կալանավորվել էր ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, նրա հայրենի Վանատուրը դարձավ ազատության պայքարի խորհրդանիշ: Հրազդանի այդ համեստ թաղամասը դադարեց սոսկ աշխարհագրական տարածք դիտվելուց, վերածվելով քաղաքական կատեգորիայի՝ բարոյական սնուցման աղբյուր դառնալով պայքարող հազարավոր մարդկանց համար:

 

Այն, ինչ այս օրերին կատարվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում, հուշում է, որ շուտով ունենալու ենք պայքարի մի նոր խորհրդանիշ` այս դեպքում սոցիալական բունտի տեսքով:

 

Աղավնաձորցիները չեն ստացել անցած տարի մթերած խաղողի գումարը և սեպտեմբերի 15-ից փակել են գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը, սպառնում են փակել դեպի Իրան տանող միջպետական ճանապարհը:


Այս գործընթացն իր բովանդակությամբ, խորքային հետևանքներով և մասշտաբայնությամբ կարող է գերազանցել անգամ ՊՊԾ գունդը գրավելու գործողությանը:

 

Եթե այն արագ լոկալացվեց, ապա գյուղացիների տարերային հուզումներն ամեն օր բախվում են ոչ արդյունավետ կառավարաման իրողությանը:

 

Ոչ ոքի, անգամ իրավապահների մտքով չի անցնում «Սասնա Ծռերի» արածն ահաբեկչություն որակել, որովհետև մարդիկ վստահ են, որ հուլիսի 17-ը հետևանք էր իշխանությունների ավտորիտարիզմի: Աղավնաձորցիների պայքարը նույնպես չի կարող սաբոտաժ համարվել, որովհետև կառավարության անպատասխանատվությունն ու ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել են նրան, որ գյուղացիները զրկվել են մի կտոր հացից, ապրուստի միջոցներից:

 

Հայաստանում հասունանում է սոցիալական բունտ և դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Հիմնականն ինստիտուցիոնալ ճգնաժամն է, որի դրսևորումներն են՝ ոչ արդյունավետ կառավարումը, կոռուպցիան, հանրության օրակարգը ձևակերպող ընդդիմության բացակայությունը: Սրանց հավելենք սոցիալական բևեռացումն, արտաքին պարտքի մեծացումը, համատարած գործազրկությունը, տրանսֆերների կրճատումը, և իրավիճակի ողբերգականությունն ավելի ակնհայտ և ցցուն կդառնա:

 

Կարեն Կարապետյանը զարգացման երկու փուլանոց ծրագիր է խոստացել, սակայն նախորդ  կառավարությունը հեռացել է՝ դաշտն ականապատված թողելով:

 

Նույն աղավնաձորցիներին շռայլ խոստումնր  է տվել Հովիկ Աբրահամյանը, ով հիմա հեռավոր Դուբայում վայելում է կյանքի հաճույքները, չարախնդալով, թե ինչպես է սոցիալական մոտալուտ բունտի հեռանկարը չոքել իրեն փոխարինողի դռանը:

 

Սարգիս Հակոբյան