Այսօր նույնպես իրադարձությունների կենտրոնում «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքն է: Աշխատակիցները դժգոհում են, տնօրենն առայժմ չի պատրաստվում ընդառաջ գնալ: Հայտնի չէ դեռ, թե ինչով սա կվերջանա, բայց եթե նույնիսկ աշխատակիցների պահանջները չբավարարվեն, և դժգոհության հերթական ալիքը մարի, ապա ընդհանուր սոցիալական դժգոհությունը, որն օրեցօր աճում է, միևնույն է՝ չի կարող նվազել, որովհետև մարդիկ փաստացի ունեն սոցիալական խնդիրներ: Այդ սոցիալական խնդիրներն ու դժվարությունները մարդկանց համար կարող են ստեղծել պետական մարմինները՝ իրենց անարդյունավետ կառավարմամբ ու կոռուպցիոն դրսևորումներով, բանկերը՝ իրենց վարկերով ու աննորմալ տոկոսադրույքներով, ինչպես նաև ձեռնարկատերերը՝ միայն սեփական շահի մասին մտածելու և աշխատողներին շահագործելու իրենց մոլուցքից դրդված: Անկախ ամեն ինչից՝ մարդկանց համար առաջնահերթն այսօր իրենց սոցիալական խնդիրների լուծումն է և սոցիալական վիճակի բարելավումը:

 

Այսօր մի շարք ընդդիմադիրներ խոսում են հեղափոխություն անելու անհրաժեշտության մասին, իշխանությունները Սահմանադրություն են փոխել, ոմանք էլ խոսում են համակարգային փոփոխությունների մասին, որոնց էֆեկտիվությունը զգալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Բայց խնդիրն այն է, որ սովորական բնակիչներից շատերը ցանկություն չունեն խորանալու տնտեսական, գիտական տերմինաբանության մեջ, ըմբռնելու երկարատև բարեփոխումների իմաստը և սպասելու, նրանք ապրել են ուզում այսօր, նրանք ընդամենը ուզում են նորմալ ապրել, և այս ամենը պարբերաբար կարող է հանգեցնել նորանոր նմանատիպ ակցիաների: Սրանք արդեն սոցիալական բունտի նախանշաններ են: Իսկ իրական սոցիալական բունտը զսպելը շատ դժվար է՝ ի տարբերություն կեղծ ընդդիմադիր ակցիաների:

 

Կարեն Վարդանյան