Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սարգսյան-Քոչարյան հեռախոսազրույցի մասին հայտնել է  2rd.am կայքը: Քոչարյանը վերջին շրջանում գրեթե ընդհանրապես չէր հայտնվել ասպարեզում, անգամ որեւէ հարցազրույցի տեսքով: Այդ տեսանկյունից՝ անչափ ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը, հատկապես վերջինիս՝ ԱԺ-ում արած հայտնի հայտարարության ֆոնին: Մասնավորապես, Սարգսյանը հայտարարել էր, որ «հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Շատերի կարծիքով՝ պոտենցիալ հանգած հրաբուխներից մեկն էլ հենց ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանն է, ում հնարավոր ակտիվացման և դրանից բխող հետևանքների մասին էլ նախազգուշացրեց Սերժ Սարգսյանը: Քոչարյանի շնորհավորանքը կարելի է դիտարկել պատասխան Սերժ Սարգսյանին, որ վերջինս «հանգած հրաբուխները» սխալ վայրում է փնտրում: Գուցե Քոչարյանը գիտակցում է, որ Սարգսյանի հայտարարության շահառուն հենց ինքն է և այսպիսով փորձում է հանե՞լ իր վրայից հնարավոր կասկածները և ապահովագրվե՞լ: 
 
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական համակարգերի տրանսֆորմացիաների պայմաններում Քոչարյանն այսօր ստիպված է առավել բացահայտ պատասխանել համակարգից եկող ազդակներին: Սակայն, արդյո՞ք Սարգսյանի վախերը տեղին ենՊետք է փաստել՝ որքան էլ որ տարօրինակ է, այնուամենայնիվ, Քոչարյանին հաջողվում է պահպանել ազդեցության որոշակի լծակներ, գուցե ի հաշիվ համակարգում կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ քաղաքական դաշտում Քոչարյանի հետ ասոցացվող  «հին դեմքերի»՝ օրինակ՝ Երվանդ Զախարյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինա Վարդանյանի, Գուրգեն Արսենյանի, Դավիթ Հարությունյանի, Արմեն Գևորգյանի, որոնք, կարելի է ենթադրել՝ դեռևս «ահ ու դողի» մեջ են ընկնում Քոչարյանի անունը հիշատակելիս: Այլ հարց է՝ ցանկանո՞ւմ է այսօր Քոչարյանն այդ լծակները գործադրել, թե՝ ոչ: Վերջին նրա մեսիջը հուշում է, որ՝ ոչ: Սակայն Սարգսյանը, մինչ այդ՝ արդեն իսկ փորձել էր իրեն ապահովագրել: Ինչպես հիշում ենք՝ ամիսներ առաջ, Քոչարյանի ակտիվացման մասին խոսակցությունների ֆոնին, Հատուկ քննչական ծառայությունն ընթացք տվեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի զեկույցին: Սակայն այստեղ հարկ է նշել անչափ կարևոր մի փաստ: Սարգսյանի՝ Մարտի մեկի մասով խոստացված անակնկալները ոչ թե գործի, այլ որոշ դետալների բացահայտմանն էին վերաբերվում: Միեւնույն ժամանակ, նկատելի էր նաեւ Սերժ Սարգսյանի առաջարկը Քոչարյանին՝ գալ կոնսենսուսի: Երկրորդ նախագահը զերծ է մնում վերադարձի փորձեր կատարելուց, Սարգսյանը հերթական անգամ փակում է Մարտի 1-ի այդ էջը:
 
Մյուս կողմից, որքան էլ Քոչարյանն այս պահին չունենա քաղաքական վառ ընդգծված ամբիցիաներ և շահեր, նա շարունակում է մնալ գործող համակարգի մի մասը, կարելի է ասել՝ նաև շահառուն, հաշվի առնելով Երկրորդ նախագահի ունեցած՝ առաջին հերթին՝ տնտեսական շահերը և հետաքրքրությունները: Մամուլը վերջին շրջանում շատ է անդրադառնում Քոչարյանի ծավալած բիզնես գործունեությանը: Այդ գործունեության անխափանությունը մեր երկրում ուղղիղ համեմատական է գործող համակարգի հետ կոնսենսուսի գալու ունակության հետ: Քոչարյանի շնորհավորանքը կարող է նշանակել նաև հետևյալը՝ Երկրորդ նախագահը կարող է վերադառնալ, բայց Սերժ Սարգսյանի կանոններով: Իսկ դա հուշում է, որ Քոչարյանի վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա քաղաքական–տնտեսական կոնֆիգուրացիայի փոփոխման այս փուլում անհրաժեշտ լինի Սերժ Սարգսյանին:
 
Ստելլա Խաչատրյան