ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ օրերս հայտարարությամբ հանդես կգա, հանրության հետ կշփվի, բայց ինչ միջոցով՝ դեռ չենք որոշել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Պարոն Քոչարյանն, անպայման մոտ օրերս հանդես կգա հայտարարությամբ։ Չենք բացառում նաև երեկվա ասուլիսի ձևով։ Մեր պլանների մեջ ոչինչ չի փոխվել»,- ասաց Սողոմանյանը։
Անդրադառնալով հարցին, որը հանրության շրջանում էր պտտվում՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանին ձեռնտո՞ւ էր ասուլիսի տապալումը, Սողոմոնյանն ասաց․
«Մենք պետք է փորձեինք բացատրություններ տալ, թե ինչ է իրականում տեղի ունենում, իշխանություններն ինչպես էին վարվում այլախոհների հետ։ Դա առանց մեր ջանքերի նրանք ներկայացրին։ Այդ տեսանկյունից բավականին հաջողված ասուլիս էր»։
Նա նշեց, որ ասուլիսը հրավիրելիս նրանք խտրականություն չեն դրել, թե որ լրատվամիջոցներին հրավիրեն, մուտքն ազատ է եղել բոլոր լրագրողների առջև և պատրաստ էին պատասխանել բոլոր հարցերին։
«Մենք բացարձակ նման խնդիր չունեինք, դա էլ հենց խնդրահարույց դարձավ այն մարդկանց համար, ովքեր փորձեցին ձախողել ասուլիսը։ Նա ո՛չ տեսակետ հայտնելու խնդիր ունի, ո՛չ էլ հարցերից մտահոգվելու։ Այդ փաստը պետք է վաղուց արձանագրվեր»,- հավելեց Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Էրեբունի Պլազա» հյուրանոցում նախատեսված ասուլիսը տապալվել էր «Պրիվե՛տ, Ռոբ» ակցիայի մասանկիցների կողմից: