ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն:
Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին և իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարևորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը միաժամանակ իրենց գոհունակությունն ու գնահատանքն են հայտնել, որ տեղի ունեցող գործընթացում ուժի կիրառումը, բախումները, ընդհարումները տեղ չունեն:
«Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի, խաղաղվի, և մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին: Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաև բազում մարտահրավերներ և այդ մարտահրավերների առջև կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ և միասնականությամբ: Առջևում նաև ապրիլի 24-ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը: Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի և առաջնորդի՝ շիտակ ապրելու և շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ պահենք մեր երկիրը ողբերգություններից, կորուստներից:
Մենք ունենք Արցախ, մենք ունենք մեր հայրենիքի սահմանների վրա ծառայող երիտասարդ հայորդիներ, որոնց անվտանգությունը, գիտենք, պարո՛ն վարչապետ, Ձեր մշտական մտահոգությունն է: Մենք հաղորդ ենք եղել Ձեր մտածումներին այս առումով: Թող Աստված պահի, պահպանի մեր ժողովրդին սիրո, խաղաղության մեջ: Այս է մեր մաղթանքը, այս է մեր աղոթքը»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, նշելով, որ միանգամայն կիսում է Գարեգին Վեհափառի մտահոգությունները, ընդգծել է, որ այս օրերին երկրում երիտասարդների, պատանիների ներգրավմամբ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին աշխարհում:
«Վերջիվերջո, այս ցույցերի հետևանքները կամ դրանց ընթացքում հասցված վնասների հաղթահարումը ամիսներ են տևելու: Այսինքն՝ երկիրը կարող է վնասվել: Մենք պետք է ցուցարարներին ասենք՝ սա մեր բոլորիս հայրենիքն է, բոլորս այս հայրենիքի զավակներն ենք, մի ընտանիք ենք: Դժվարություններ, հարցեր կլինեն, սակայն պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում: Հարցերը քննելու միասնական այդ ճիգով դրանց լուծման ճամփաներ պետք է որոնել միասնաբար: Սա է, որ պետք է լինի: Այս մթնոլորտում նման ձևով շարունակելը վնաս է՝ վնաս է հայրենիքին, վնաս է մեր ժողովրդին: Հետևաբար, ես ուրախ եմ, որ նաև Դուք, պարո՛ն վարչապետ, այդ կոչը արել եք, որ ուժերը կողք կողքի գան և սեղանի շուրջ նստեն ու խոսեն: Նախագահի և Ձեր գլխավորությամբ այդ խոսակցությունը պետք է լինի, որովհետև այս կացության շարունակումը մեծապես կվնասի մեր հայրենիքին, մեր ժողովրդին, Արցախին մանավանդ: Ժամանակն է, որ համախմբվենք, որովհետև պաշարված ենք ոչ բարեկամ ուժերով: Հարցեր կան, բնականաբար, բայց այդ հարցերի մասին պետք է խոսենք, փոխադարձ սիրո, հարգանքի սահմաններում: Սա է, որ ուզում էինք Ձեզ փոխանցել, պարո՛ն վարչապետ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: