Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը խստորեն քննադատել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին Twitter սոցիալական ցանցի հասանելիությունը թուրք օգտատերերի համար խոչընդոտելու մասին թուրքական կառավարության ընդունած որոշման առիթով:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Բիլդտը հայտարարել է, որ այդ որոշմուվ «Էրդողանը միայն իրեն չի վնաս հասցնում, այլ նաեւ' ողջ թուրք ժողովրդին»:

 

Էրդողանի կառավարության կողմից նման քայլի դիմելը մեծ դժգոհություն եւ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը «չափազանց անհանգստացած է» կատարվածի առնչությամբ:

 

Եվրամիության հանձնաժողովի դիգիտալ ռազմավարությունների գծով հանձնակատար Նիլ Կրուսը Թուրքիայում Twitter-ի արգելափակումը որակել է «անտեղի, անիմաստ, անհիմն եւ վախկոտություն»: «Թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը դա համարում են գրաքննություն», -ասել է նա:

 

Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության պետական ընկերությունը հայտնել է, որ մարդու անձնական իրավունքներն ու անձնական կյանքի գաղտնիությունը ոտնահարվելու պատճառով դատարանի որոշմամբ երկրում կասեցվել է Twitter սոցիալական ցանցի գործունեւությունը: