Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ, միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաև: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում:
Միանում եմ բոլորիդ Հայաստանում եւ սփյուռքում, եւ հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ եւ գիտակից: Առողջ եւ մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդում, կանանց դերի եւ ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ. սրանք այն քայլերն են, որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ: Անչափ կարեւոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով' մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին եւ հողին: Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը»: