Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի ՀՀ վարչապետի ընտրության գործընթացին՝ քաղաքական մյուս ուժերի՝ «Ծառուկյան», «ՀՅԴ» և «Ելք» խմբակցությունների կողմից մեկ թեկնածուի առաջադրվելու դեպքում:  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան մեկ թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որին կանվանեն ժողովրդի թեկնածու»,-ասաց պատգամավորը: «Այսինքն՝ քվորում կապահովե՞ք» հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ «Այո»:

 

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առաջարկել են կանոնակարգված ընտրությունների գնալու համար դադարեցնել հանրահավաքներն ու ճանապարհները փակելու ակցիաները, որպեսզի չխաթարվի ժողովրդի անդորրը: «Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,-ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա կոչ արեց առանձին պատգամավորների արտահայտած մտքերն ընդունել որպես անհատական կարծիք և վստահ լինել, որ ՀՀԿ-ն կունենա միասնական դիրքորոշում:  «Երբ խմբակցությունը կհավաքվի, որոշումը կկայացնենք, ես առանց խմբակցության անդամների հետ հավաքվելու որևէ հայտարարություն չեմ անելու: Իմ խմբակցությունը, ես ու բոլորս ունենք պայմանավորվածություն, որ մեր որոշումը պետք է լինի միասնական»,-հավելեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան, թե երբ կլինի խմբակցության հանդիպումը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Թեկնածուների պաշտոնական առաջադրումներից հետո»:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ապրիլի 30-նն է: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին: