ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումներ է ունեցել դեսպանների հետ:

«Միացյալ նահանգների դեսպանի հետ հանդիպումը նախապես պլանավորած էր: Այսօր հանդիպում եմ ունենալու նաև ՌԴ, ԵՄ դեսպանների հետ: Մենք կփորձենք հանդիպում կազմակերպել նաև Իրանի իսլամական հանրապետության և Վրաստանի դեսպանների հետ, շփումներ կունենանք դիվանագիտական կորպուսի դեսպանների հետ: Քննարկման թեման ընթացիկ իրավիճակն է և որևէ արտառոց քննարկում տեղի չի ունեցել»,- նշեց Փաշինյանը:

 

Անդրադառնալով այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածության ստորագրահավաքին, նշեց. «Ինչքանով տեղյակ եմ՝ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են և այսօր կներկայացնեմ թեկնածությունս: Կարծում եմ՝ բոլորս շահագրգիռ ենք, որպեսզի քաղաքական այս իրավիճակը հանգուցալուծում ստանա, ընդ որում՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Ուրախ եմ, որ այդ ընբռնումն ի վերջո կոնկրետ արտահայտում պետք է ստանա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր նախատեսվում է հանդիպում Հանրապետականների հետ:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ քաղաքական այս պրոցեսում աշխարհաքաղաքական ենթատեքստ, դավադրություն չկա և Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական: 

Եթե Հանրապետականը  կողմ քվեարկի իրեն և իր ծրագրին, ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների գնալը հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. 

«Դրա համար կան սահմանադրական մեխանիզմներ և մենք կկիրառենք: Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք այս իրավիճակը վերջնական չի համարվի քանի դեռ արտահերթ ըտրություններ չեն անցկացվել»,- ասաց Փաշինյանը: