Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին շնորհավորեց մամուլի ազատության օրվա առթիվ։ «Մեր մամուլն իսկապես ազատ է, դրա համար ամեն ինչ արել է և՛ կառավարությունը, և՛ Ազգային ժողովը: Կարող եք ցանկացած հարցով դիմել և պատասխան ստանալ կամ չստանալ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մարտիրոսյանը։
Հարցին՝ նորություն էր արդյոք, որ այսքան դժգոհություն կա իշխանություններից, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Բոլորս էլ այս հասարակության մի մասն ենք կազմում, մենք նույն հայ ժողովուրդն ենք, տեսնում ենք դրականը և բացասականը: Ես կցանկանայի միայն բացասականը չտեսնեինք, ահագին դրական գործ է արված և շարունակվում է արվել: Ես կարող եմ իմ կողմից ասել, իմ տեղը ասել, ես շարունակում եմ մինչև իմ պաշտոնավարման վերջին օրն էլ անել այն աշխատանքը, որը տրված է ինձ, և ես շարունակելու եմ անել: Ցանկացած փոփոխության ժամանակ, միևնույն է, կյանքը շարունակվում է, մենք ենք ապրում Հայաստանում և մենք պետք է կերտենք մեր ապագան», - ասաց նա՝ նշելով, թե ժամանակը ցույց կտա փոփոխությունը դրական է, թե ոչ։
Արդյոք տեսնում է Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատելու հնարավորությունը՝ նա ասաց, որ ժամանակը ցույց կտա: «Իսկ իրեն հարցրե՞լ եք, ինքը տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Եկեք վաղաժամ եթե-ներով չխոսենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ վերջին շրջանում իրադարձությունները ցույց տվեցին, որ ձևավորվել է մի հասարակություն և մի մթնոլորտ, որ ամեն մարդ կարող է ազատ արտահայտել իր կարծիքն ու ոչ մի ճնշման չենթարկվել: Միաժամանակ, նա ասաց, որ չգիտի թե ինչ ծրագրեր ունի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Տրամադրությունն այնպիսին էր, ինչպես միշտ: Մաղթեց լավ օր», - ասաց նա:
Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով պայմանավորված՝ հրաժարական է տվել նաև ՀՀ կառավարությունը, նախարարները շարունակում են պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը: Նոր վարչապետի թեկնածության շուրջ երկրում բուռն քննարկումներ ու իրադարձություններ են ծավալվել: Ակցիաների ու հանրահավաքների միջոցով քաղաքացիները պահանջել են, որ թեկնածու առաջադրվի ոչ թե իշխող ուժից՝ ՀՀԿ-ից, այլ թեկնածուն լինի համաժողովրդական շարժումը նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի (35 պատգամավոր) առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին: Նիկոլ Փաշինյանի ընտրության դեպքում կառավարությունը պետք է ձևավորվի 15-օրյա ժամկետում: