ՍԴ անդամ ընտրելու համար այսօր, Ազգային ժողովում պատգամավորների ձայները չէին բավարարում, քանի որ անհրաժեշտ էր 63 ձայն։ Ընդդիմադիրները չէին մասնակցում քվեարկությանը, ՀՀԿ խմբակցությունից կային բացականեր։
ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ անդամի ընտրության ընթացակարգերին և ԱԺ-ում մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, նշեց. «Իրենց դիրքորոշումները պայմանավորված էին ընթացակարգի հետ: Էմիլ Բաբայանի անձի, կրթության, աշխատանքի կամ այլ հատկանիշի հետ կապված որևէ մեկը առարկություն չարեց: Այսինքն, թեկնածուն համապատասխանում էր:
Վստահ եմ՝ մյուս խմբակցություններն էլ են այդ կարծիքին: Խնդիրը բարձրացվեց ընթացակարգի հետ կապված: Բայց Սահմանադրական դատարանի անդամի ներկայացման ընթացակարգը սահմանված է Սահմանադրությամբ: Ընթացակարգի խախտում չէր կարող լինել ֆորմալ առումով: Եթե որևէ մեկն ասի, որ այդպիսի ընթացակարգ կա՝ ես իմ մանդատից կհրաժարվեմ: Ֆորմալ ընթացակարգը խախտված չէ: Այլ հարց է, որ կուզենային, որ խորհրդակցությունների արդյունքում ընտրվեր»,- ասաց Կոստանյանը:
Նշենք, որ ՍԴ անդամի քվեարկությանը մասնակցել է ԱԺ 105 պատգամավորներից 54-ը, որոնցից 51-ը կողմ են քվեարկել Էմիլ Բաբայանի օգտին: