Armtimes.com-ը գրում է. ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ուղղաթիռով այցելեց Շուշի՝ մասնակցելու Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Համացանցում մի խումբ օգտատերերի կողմից քննարկման առարկա դարձավ այն, որ ուղղաթիռով Փաշինյանին ուղեկցել է նաեւ պրոդյուսեր Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Վերջերս նաեւ մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնի մշակույթի նախարարի պաշտոնը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստացանք հենց դերասանից:
- Որպես ընկեր ե՞ք պարոն Փաշինյանի հետ ուղղաթիռով գնացել:
- Ընդհանրապես ուղղաթիռով գնալու միտք չկար, պարոն վարչապետը գիշերը գնում էր Արցախ, ես նրան ճանապարհում էի, եւ արդեն պայմանավորվածություն կար, որ ես էլ իմ մեքենայով պետք է գնամ եւ այնտեղ միգուցե եւ կտեսնվեինք: Ես մենակ պետք է գնայի եւ պարզվեց, որ ուղղաթիռում մեկ տեղ կա, եւ առաջարկեցին՝ ուղղաթիռով գնալ, քանի որ դրանից ո՛չ պետական բենզինն էր ավելի ծախսվելու, ո՛չ էլ ուղղաթիռին էր ինչ-որ բան լինելու: Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս:
Իմ գնալը իմաստ ունեցավ այն առումով, որ շատ երեխաներ ուրախացան, ես ժողովրդի հետ էի, պարոն Փաշինյանն էլ իր պաշտոնական այցն էր իրականացնում: Նաեւ առանձին զորամաս եմ այցելել, զրուցել եմ զինվորների հետ: Իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ, որը միշտ անում եմ, ուղղակի այս անգամ տեսախցիկների առաջ եմ հայտնվել: Եթե ուղղաթիռում տեղ կար եւ առաջարկեցին, ի՞նչ անեի, միայնակ մեքենայով գնայի, հետ գայի:
- Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղարկեմ Պաշտպանության նախարարություն: Առանց այդ նախարարության մեր մշակույթը լավ պահպանվել է...առանց նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում ես դա կփակեմ, եւ կուղարկեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը):
Առավել մանրամասն' սկզբնաղբյուր կայքում