Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սասնա Ծռերի» 11 անդամների գործով դատական նիստը՝ 

 դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նշենք, որ գործից անջատված այս մասը նախկինում նախագահում էր դատավոր Արթուր Օհանյանը, որն ամիսներ առաջ նախագահի հրամանագրով ազատվել էր պաշտոնից:

 

Դատավոր Վարդանյանը նախ ծանոթացավ ամբաստանյալների հետ, ապա անցավ միջնորդությունները լսելուն։ Դատավորը ճշտում էր ամբաստանյալների ինքնությունը, սակայն վերջիններս հրաժարվում էին ոտքի կանգնել: 

Պաշտպանները հերթով միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխարինելու չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ամբաստանյալների հարազատներն ու աջակիցները դատարան են եկել պաստառներով, նրանք պահանջում են ազատ արձակել «Սասնա Ծռերին»: Դատարանի դահլիճը բազմամարդ է: Դահլիճում լարված իրավիճակ է, ամբաստանյալների հարազատները պարբերաբար կոչեր են հնչեցնում: